BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Լռած զանգ չէ կյանքը. նա դեռ կանգուն «վանք» է

Լռած զանգ չէ կյանքը.  նա դեռ կանգուն «վանք» է
23.09.2014 | 10:56

Թեպետ անցան Համո Սահյանի 100-ամյակի հետ կապված ապրիլյան տոնակատարությունները, սակայն տարին սահյանական է համարվում, և հատկապես Հանրային ռադիոյով հնչում է նրա ձայնը, ընթերցվում են նրա պոեզիայից նմուշներ, պոեզիա, որն ասես փրկության ափ լինի, հոգու պատվար` անարդարության, արժեզրկումների, դժվար կյանքի այս օրեցօր ահագնացող քամու, ո՛չ, հողմի՛ դեմ։ Եվ ո՛չ միայն պատվար. Համո Սահյանի պոեզիան մի ողջ ժողովրդի սեփական արժեքի գիտակցման, մայր հողի հանդեպ սիրո և պաշտամունքի, և այդ հողի վրա արմատակալելու կամք, զորություն կտա, եթե միայն... կարդան։
Կան անհատներ, որոնց ճանապարհները ճակատագրի բերումով խաչաձևվում են, իսկ անունները, ամենազոր ժամանակի կամքով, միասին փորագրվում նրա մնայուն սալերին։ Այդպես էլ ահա, Համո Սահյանի անվանն արդեն վաղուց նույնացել է Շչորս Դավթյանի անունը. պետական-հասարակական գործիչ, Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար, Գերագույն խորհրդի պատգամավոր, հանրապետության գլխավոր` «Խորհրդային Հայաստան» թերթի խիզախ խմբագիր, այն էլ անցումային բարդ և հակասական ժամանակներում, գրականագետ, նաև... բանաստեղծ, ում ծննդյան 75-ամյակը «շուքով» անտեսվեց, չնշվեց ո՛չ անցյալ տարի, ո՛չ այս, ում ծանրակշիռ վաստակը մոռացության տալով` փորձում են թեթևացնել այն։ Փորձում են, բայց նա շարունակում է իր ազգաշահ գործը, և սահյանական տարվան համահունչ` լույս է տեսել նրա «Քառորդ դար Համո Սահյանի հետ» գիրք-հուշապատումը։
Մեծ մարդիկ նման են լուսնին. տեսնում ենք միայն այն կեսը, որը երևում է։ Հակառակ երեսը տեսնողները բացառիկ երջանիկներն են, իսկ նրա վրա ոտք դրածները (փոխաբերական իմաստով, իհարկե), հոգու գալարումների և թռիչքների ականատեսները (հատկապես` Համո Սահյանի նման փակ և ինքնամփոփ ներաշխարհ ունեցող անհատների) արդեն հատուկենտ ընտրյալներն են։ Շչորս Դավթյանն այդ ընտրյալներից է, և իր այս բացառիկ հուշագրությամբ (թեպետ, կարող էր ավելի ծավալուն գրել) ընթերցողին տեսանելի է դարձնում «լուսնի» հակառակ երեսը։
Գիրքը կրում է Շչորս Դավթյանի գրչին բնորոշ բոլոր հատկանիշները. սրամիտ և հյութեղ հուշեր` համեմված գրականագիտական փոքրիկ, բայց դիպուկ վերլուծություններով, ոճի և շարադրանքի թեթևություն, խոսքի խորություն, պոետիկ շարադրանք, ճկուն լեզու, որն օգնում է ըմբոշխնելու հայերենի ողջ հմայքն ու ճոխությունը. «Ձորը բռնել էր մառախուղի ծայրից և դեպի իրեն էր քաշում` ջրաթաթախ ծոպերը քսելով մեր երեսներին։ Եվ այդ պահին սուլոցով ձորը մտավ շոշափելու չափ երևացող քամին, ամպը կարկուտ դարձավ ու սկսվեց «աշխարհակործան» մի փոթորիկ։ Շտապով հասանք Տատան, սպասեցինք մի քիչ, արևը քիթը հանեց, սաստեց, բոլորին տեղը դրեց, երկնքի գունատված դեմքը նորից կապույտ դարձավ, ձորը խաղաղվեց»։ Բառերով նկարված կտավ։ Նման «վրձնահարվածներ» կան և՛ Գյազբելի, և՛ Աղոթարան սարի հետ կապված։
Գիրքը մի կարևոր, բառերով չարտահայտված ասելիք էլ ունի. դա տողատակերից կայծկլտացող կարոտն է։ Այո, կարոտի շիթեր կան` հուշերի որձաքարերին ցողված։ Հուշերի գետ` երբեմն-երբեմն հանդիպող մարդ-կղզյակներով. Ալեքսան Կիրակոսյան, Վլադիմիր Մովսիսյան, Սերո Խանզադյան...
Որքան էլ գրքի լույսընծայմամբ` ուրախ, կարդալով` հարստացած, տագնապ ունեմ. քանի՞ երիտասարդ կկարդա այն։ Ո՞Ւմ ջանքերի «շնորհիվ» հասանք այս անտարբեր, հոգևոր իմաստով ամուլ օրերին։ Հզոր անհատականություններից աղքատ ժամանակի ապրող եղանք. ովքե՞ր են եկել փոխարինելու մեր երկու պանթեոնները հարստացրած մեծերին. թույլ տվեք լռել։ Ովքե՞ր են մնացել հներից. ձեռքներիդ մատները բավարար են հաշվելու համար։ Ինչպե՞ս ենք վարվում նրանց հետ. ավելի շատ` մոռանալ-անտեսելով։ Բայց չէ՞ որ նրանք հոգևոր թթվածին են շրջապատի համար, և մի օր շնչահեղձ ենք լինելու նրանց պակասից։
Գիտեմ, Շչորս Դավթյանը հպարտ է իր անցյալով, հպարտ է իր ստեղծածով, իրեն հավերժացրել է և՛ Սիսիանում` իր կառուցած-շենացրածով, և՛ գրականության մեջ, սակայն, չեմ կարծում, թե լիարժեք գնահատված է զգում իրեն` իր ինքնայրման համար։ Այդ այրման բոցը բոլորն են տեսել, բայց մոխիրը քամուն տալ պետք չէ, չէ՞ որ կան չայրվող նյութեր, որոնցից մեկը բարի անունն է, մյուսը` ծանրակշիռ վաստակը։
Կյանքը բազմիցս փաստել է, որ նախանձի հրաբուխների ժայթքումները պակաս վտանգավոր չեն, քան չկամության սողանքները։ Սթափվել է պետք և մարդկանց նշանակել համապատասխան տեղերում, որպեսզի մշակութային այս տակ ու գլուխ շուռ եկած իրավիճակը ելման դիրքին վերադառնա։ Թեպետ Շչորս Դավթյանի նմանները գովեստի ծաղիկներ չեն պոկոտում` փառքի դափնիներ հյուսելու համար, այլ տքնում, արարում են` հավատարիմ վերուստ իրենց տրված կոչմանը։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ